
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը (2001-2009թթ. կոչվել է միջդեպարտամենտալ) ստեղծվել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշման (թիվ 24, 11.07.2001թ) հիման վրա՝ ՀՊՃՀ ռեկտորի հրամանով (թիվ 431, 26.09.2001թ.):
Ամբիոնը, որպես Սինոփսիս Արմենիա ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) հիմնարար բաղկացուցիչ, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) բնագավառի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերության համալսարանական ծրագրերի անդամ է և գործում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ միջավայրում:
Ամբիոնի գործունեության գլխավոր նպատակը զարգացման սրընթաց տեմպերով բնորոշվող միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ձեռնարկությունների մուտքային պահանջներին լիովին բավարարող բարձորակ մասնագետների պատրաստումն է Բուհ/Արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրագործման միջոցով:
Ստեղծման պահից մինչև այսօր ամբիոնը ղեկավարում է ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի մրցանակակիր, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը: